Ծուռ է այն աշխարհը, որտեղ վերպետական թիվ մեկ կառույց համարվող ՄԱԿ-ն իր ողջ հմայքով «անզոր է»:
Որտեղ կարելի է տեսնել Ադրբեջանի արգելափակած Լաչինի միջանցքի անմիջապես և առանց նախապայմանների բացման հարցում միջազգային ուժեղ և միանշանակ կոնսենսուսը, լսել մի շարք հասցեական «բոմբ» ելույթներ, բայց արդյունքը՝ զրո:
ՄԱԿ ԱԽ-ն պաթոսից անդին, այդպես էլ չընդունեց որևէ բանաձև, չհնչեցրեց անգամ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ակնարկ:
Այնպես, ինչպես մեկ տարի առաջ, նույն ՄԱԿ-ը կոչ էր անում Ադրբեջանին, որ հետ քաշվի Հայաստանի օկուպացված տարածքներից, բայց՝ ձայն բարբառո անապատի:
Ու այսքանն աչքի առաջ ֆետիշացնե՞լ այդ կառույցը, իսկ նման պաթեթիկ ելույթներն ու հավաքական կոչը ներկայացնել որպես հայկական դիվանագիտության հաղթանա՞կ:
Առավել ևս ֆետիշացնել՝ հղում տալով ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ հումանիտար աղետի ու ճանապարհի անհապաղ բացման մասին բոլորի միաձայնությունը՝ «Անջատում հանուն փրկության» բանաձևի կիրառման համա՞ր:
Աբսուրդ է ու ծիծաղելի:
Այդ կառույցից բացառապես գոհ պետք է լինել, որ գոնե ԱԽ նիստում մասնակիցների կողմից օգտագործվեց «Լեռնային Ղարաբաղ» տերմինը:
Ավելին՝ ավել բան չէր էլ կարելի ակնկալել, քանի որ Հայաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ընդամենը խնդրել է դատապարտել Ադրբեջանին հումանիտար ճգնաժամի համար, այլ ոչ թե դիմել է միջազգային խաղաղապահներ բերելու, միջազգային անկախ հետաքննություն սկսելու, տեղում մոնիթորինգ իրականացնելու, միջազգային առաքելության ներգրավվածություն ապահովելու կամ պատժամիջոցներ կիրառելու խնդրանքով:
Այնպես որ, ի պատասխան Հայաստանի դիմումի, ՄԱԿ-ի ղեկավար կազմին մնում էր ասել, որ «ՄԱԿ-ը ներկայացված չէ Լաչինի միջանցքում, ներկայացված չէ ռուս խաղաղապահների լիազորության տակ գտնվող տարածքում, ուստի ՄԱԿ-ն ի վիճակի չէ ստուգել կամ հաստատել կողմերի տարբեր պնդումներն ու մեղադրանքները», ինչն էլ ՄԱԿ-ը ասաց ու «ձեռքերը լվաց»:
Էլ չեմ խոսում այն մասին, որ նույն այդ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ընդունել է չորս բանաձև, որոնցով մեզ կոչ էին անում անհապաղ հրադադար հաստատել, դուրս բերել հայկական զորքերը ազատագրված տարածքներից, մի քանի անգամ էլ դատապարտել էին մեզ «ագրեսիա» իրականացնելու ու «օկուպացիայի» համար:
Այնպես որ, բավ է ինքնագովազդվել, ու սին պատրանքներով ժողովրդին կերակրել:
Դրա փոխարեն հանրությանը բացատրեք (եթե, իհարկե, կարող եք), թե ինչո՞ւ ՄԱԿ ԱԽ նիստում բանաձևի ընդունման գործընթաց չեք նախաձեռնել։
Թե չէ ծանոթ ենք ձեր բռնած ոճին, երբ սեփական կառավարման սխալները բարդում եք նախորդների վրա ու դրանով արդարացնում ձեր անգործությունն ու ապիկարությունը։
Նույնն էլ վերաբերում է Մարդու իրավուքների եվրոպական դատարանի որոշմանը, որով կառույցը բավարարեց Հայաստանի պահանջը, ավելին՝ Ադրբեջանին մեղավոր ճանաչեց, նույնիսկ միջանկյալ միջոց կիրառեց, բայց և այդ պահանջներից ու պարտավորություններից ընդամենը մեկը բավարարվեց՝ «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդների տեղաշարժի ապահովումը:
Այնպես որ, ՄԻԵԴ-ի որոշումը բնավ չի նշանակում, որ մենք հիմա կարող ենք վեր կենալ, գնալ ու անցնել Լաչինի միջանցքով, ինչպես դա ներկայացնում է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
Ծուռ է այն աշխարհը, որտեղ ՄԻԵԴ-ն իր «ցնցող» որոշումով հանդերձ՝ անկարող է հումանիտար աղետը կանխել:
Մնում է «քարը փեշից թափել» ու այս հարցով կոնկրետ բանակցել ոխերիմ բարեկամ ու դաշնակից Ռուսաստանի հետ, որն այս ամենի և՛ պատվիրատուն է, և՛ պատասխանատուն, և՛ հասցեատերը:
Սակայն պնդելով երկու պայման (իրականում դրանք պայմաններ էլ չեն, այլ պայմանագրի մաս են կազմում), որոնք բխում են նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությունից.
1. Լաչինի միջանցքում մաքսակետեր չեն լինելու,
2. Միջանցքի համատեղ վերահսկողություն չի լինելու:
Այնպես որ, լոլոներ կարդալու, ինքնագովասանքով զբաղվելու ու նեղացկոտի դիրք բռնելու փոխարեն ցույց տվեք բանակցելու ձեր բացառիկ կարողություններն ու դիվանագիտական տաղանդը:
Թե չէ ո՛չ ՄԱԿ-ն իր ԱԽ-ով, ո՛չ ՄիԵԴ-ը, և ո՛չ էլ «Դագի-Գագի» դատարանները մեզ համար հարց լուծող չեն եղել, չեն էլ լինելու:
Դավիթ Կարապետյան